8 հիմնական սխալները կոնտենտ ստեղծելիս

Մի քանի խորհուրդ՝ ինչ չանել կոնտենտ ստեղծելիս՝ հետևորդների համար մշտապես մնալով արդիական, ընթերցվող ու հետաքրքիր

Բոլորը կփաստեն, որ մարքեթինգն այն բնագավառն է, որտեղ միշտ պետք է լինել մեկ քայլ առաջ՝ ժամանակի պահանջներին և թրենդներին համապատասխանելու ու մրցակիցներին չզիջելու համար։

Ուստի միշտ պետք է հետևել ոլորտի նորություններին, ուսումնասիրել սպառողների վարքագիծը և պահին համընթաց՝ կատարել ճիշտ փոփոխություններ արդեն իսկ մշակված ռազմավարությունում։ Դա կօգնի խուսափել մի շարք սխալներից, որոնք խոչընդոտում են բրենդի առաջխաղացումը, և որոնց մասին կխոսենք այս հոդվածում։

Միանշանակ փաստ է, որ պանդեմիան ամբողջովին հեղաշրջեց շուկան, բայց նաև ստեղծեց նոր հնարավորություններ․ Google-ում ամենօրյա որոնումների թիվը 2020 թվականի մարտից հետո 3.6 միլիարդից աճել է մինչև 6 միլիարդը, և նվազման միտում դեռևս չկա։ Հետևաբար պետք է ստեղծել որակյալ կոնտենտ այդ որոնումների արդյունքներում հայտնվելու և սպառողի խնդիրը լուծելու համար՝ հնարավորինս խուսափելով ստորև մեր կողմից առանձնացված սխալներից։

1. Ավելի շատ քանակ, ավելի քիչ որակ
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ որոնողական համակարգերում բարձր դիրքեր գրավելու հավանականությունը պայմանավորված էր օգտագործված բանալի բառերի քանակով կամ ստեղծած կոնտենտի ծավալով։
Ուստի կարևոր է ստեղծել որակյալ, հետաքրքիր և միշտ ընթեռնելի կոնտենտ, որը ժամանակավրեպ չէ և արագ չի կորցնում իր արդիականությունը։

2. Email և SMS մարքեթինգի դերի թերագնահատումը
Աշխարհում օրական ավելի քան 320 միլիարդ մեյլ է ուղարկվում և ստացվում։ Հաջող մեյլ-արշավը կօգնի ստեղծել հետևորդների մեծ բազա, ինչն էլ թույլ կտա միշտ բրենդի մասին հիշեցնել սպառողներին։
Ինչպես արդեն պատմել ենք, մեյլի համար ներդրված 1$-ը ապահովում է 42$ եկամուտ։ Մինչդեռ մի շարք գիտակներ կիսվել են իրենց լավագույն փորձով՝ 1$-ի դիմաց ստանալով 70$ եկամուտ։ Ուստի ավելորդ է նշել դրա արդյունավետության մասին, միայն կարող ենք տալ մի քանի խորհուրդ՝
  • գրել հետաքրքիր և ուշադրություն գրավող Subject,
  • մեյլի բովանդակությունում ընթերցողին մի քանի անգամ դրդել գործողության (call to actions),
  • օպտիմալացնել մեյլերը նաև հեռախոսների համար։
Email-մարքեթինգից զատ պետք չէ աչքաթող անել նաև SMS-ների կիրառման հնարավությունը։ Ի դեպ՝ եթե հետևորդների կողմից մեյլերի բացման ցուցանիշը 20% է, ապա SMS-ներինը՝ 98%։
3. Կայքում բլոգի բացակայությունը
Ներկայումս գոյություն ունի ավելի քան 1,8 միլիարդ կայք, որոնցից մինչև 500 միլիոնն ունեն բլոգի հատված, բայց 200 միլիոնից պակասն են ակտիվորեն հոդվածներ ստեղծում։ Ի դեպ, բլոգ ունեցող կայքերը ամսական այցելուների՝ 68%-ով ավելի մեծ հոսք են ապահովում, քան բլոգ չունեցողները:

4. Կոնտենտ ստեղծելիս SEO-ի կանոններին չհետևելը
SEO-ի հետ կոնտենտի «համագործակցությունը» պետք է մշտական բնույթ կրի: Անընդհատ փոփոխվող ալգորիթմները և արհեստական ինտելեկտի մշտական զարգացումը նոր մարտահրավերներ են նետում կոնտենտին, որոնք հաջողությամբ հաղթահարելու և լավ ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել անընդհատ թարմացվող ոչ միայն long, այլև short-tail keyword-ներ, հղումներ և այլն:

5. Անհամապատասխան կոնտենտի հրապարակում
Եթե նույնիսկ ստեղծում եք լավ մշակված, օպտիմալացված և արդիական կոնտենտ, այն կարող է չապահովել կայքի համար լավ արդյունքներ, եթե չի համապատասխանում ձեր լսարանին: Ուստի մշտապես պետք է ուսումնասիրել սպառողներին, բացահայտել նրանց հետաքրքրություններն ու ստեղծել իսկապես որակյալ ու համապատասխան կոնտենտ, որը ոչ միայն «կլցնի» էջերը, այլև կապահովի ընթերցողների մեծ հոսք դեպի կայք:

6. Կոնտենտում նպատակների սահմանման բացակայություն
Յուրաքանչյուր մարքեթոլոգ ձգտում է ստեղծել արժեքավոր կոնտենտ, որը կապահովի ընթերցողների մեծ հոսք դեպի կայք: Սակայն այդ KPI-ների չհստակեցումը իրականում շատ վատ է անդրադառնում ամբողջ պրոցեսի վրա. ոլորտի առաջատար մասնագետները բացառապես աշխատում են նախապես մշակված և հստակեցված կոնտենտ-ռազմավարության հիման վրա՝ հաշվի առնելով լսարանի պահվածքը և նախընտրությունները:

Կոնտենտ-նպատակների սահմանումը սկսվում է՝ լսարանի «պերսոնա» կառուցելով, հետազոտությունների հիման վրա keyword-ների ցուցակ կազմելով, ընթերցողներին անհրաժեշտ և նրանց հոգեհարազատ լեզվով բովանդակություն ստեղծելով:
Դե իսկ դրանից հետո անհրաժեշտ է հասկանալ՝ որ ալիքներում և ինչ հաճախականությամբ պլանավորել նախատեսված կոնտենտի հրապարակումը:

7. Մոբայլի համար օպտիմալացման բացակայություն
Ի՞նչ եք կարծում, օրական քանի՞ անգամ եք նայում ձեր հեռախոսին:
Օրինակ ամերիկացիների շրջանակում կատարված հարցման արդյունքները հետևյալն են.
  • Միջինում իրենց հեռախոսը ստուգում են օրական 262 անգամ՝ 5,5 րոպեն մեկ:
  • 52%-ը փաստում է, որ երբևէ 24 ժամ անընդմեջ չի շրջել առանց բջջայինի:
  • Մարդկանց 54%-ը խոստովանում է, որ խուճապի մեջ է ընկնում, երբ հեռախոսի մարտկոցի էներգիան 50%-ից ցածր է:
Ուստի վերոգրյալը հաշվի առնելով՝ կայքը մոբայլի համար չօպտիմալացնելը կարող է առնվազն «ճակատագրական» լինել:

8. Անալիտիկ տվյալները չուսումնասիրելը
Եթե պատրաստվում եք արդյունավետ կոնտենտ-ռազմավարություն իրականացնել, պետք է հիշել ամենակարևորի մասին՝ հետհայացք նետել և վերլուծել գրանցած արդյունքները, ուսումնասիրել անցած արշավները և հասկանալ՝ որոնք են լավ աշխատել, որոնք՝ ոչ: Ի՞նչ միտումներ կան, ի՞նչ կտրուկ փոփոխություններ թիրախային լսարանի շրջանակներում: Ո՞ր հարթակներն են ներդրումների դիմաց ամենաշատ եկամուտն ապահովել: Ո՞ր տեսակի կոնտենտին են հետևորդներն ամենաշատ ներգրավվածությունը ցուցաբերել:
Վերլուծելով նախորդ արշավների տվյալները՝ կկարողանաք «դասեր քաղել» նախկին փորձից և ստեղծել ավելի արդյունավետ ռազմավարություն:
Բնական է, որ մարքեթինգի ոլորտում երբեք չենք կարող միանշանակ կանխատեսումներ կատարել, և ցանկացած ռազմավարություն կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ:

Ուստի պետք է միշտ առաջ նայել, ռիսկի դիմել և, ինչու ոչ, թելադրել թրենդներ շուկայի մյուս խաղացողների համար:
Made on
Tilda