Պոդկաստները՝ որպես գովազդային ալիք

Պոդկաստը՝ որպես գովազդային հարթակ, որի շնորհիվ մատուցելով որակյալ կոնտենտ՝ կկարողանաք սպառողներին "որսալ" անգամ մեքենա վարելիս

Գրեթե բոլորիս առավոտը սկսվում է նույն կերպ. արթնանում ենք, անջատում զարթուցիչը, արագ ստուգում սոցիալական ցանցերը և անցնում մեր առօրյա գործերին: Իսկ դա նշանակում է, որ մեր սպառողների մեծամասնության օրը ևս սկսվում է այսպես: Եվ հարց է առաջանում՝ ինչպե՞ս «որսալ» միշտ զբաղված սպառողին և նրան հասցնել անհրաժեշտ ինֆորմացիան:
Այ էստեղ օգնելու են գալիս պոդկաստները, որոնք կարող են «սպառվել» անգամ մեքենա վարելիս:
Ինչպե՞ս և ինչու՞. կպատմենք հերթով:

Պոդկաստները մեծ տարածում ունեն
Վերջին ժամանակներում կոնտենտի այս տեսակը միանգամից տարածում գտավ սպառողների շրջանակներում. մարդիկ պատրաստակամ են լսել, ուստի պետք է նրանց «լսելիք» մատուցել: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տվել, որ այս եղանակով ինֆորմացիայի սպառումը ավելի մեծ տարածում ունի ավելի երիտասարդ սպառողների շրջանակներում (Millennials, Generation Z):

Օգնում են մեծացնել հոսքը դեպի վեբկայք
Ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչ կարող եք առաջարկել ձեր սպառողներին, ինչը չեն կարող անել ձեր մրցակիցները: Տարիների փորձի վրա հիմնված օգտակար և ուսուցողական տեղեկությունները հենց այն են, ինչ օգտատերը, ընտրելով ձեզ, չի գտնի ուրիշ ոչ մի տեղ:

Ընդգծելով ձեր տված ինֆորմացիայի իրական արժեքը՝ յուրաքանչյուր պոդկաստով ունկնդրին ամեն անգամ վերադառնալու պատճառ կտաք: Բացի այդ դուք նրանց կստիպեք նաև այցելել ձեր կայք՝ տեսնելու նորությունները և լրացնելու բաց թողածը:

Դրականորեն են ազդում բրենդի ճանաչելիության վրա
Տարածելով կոնտենտը գովազդային ամենատարբեր ալիքներով՝ դուք մեծացնում եք brand awareness-ը. որքան շատ են օգտատերները տեսնում/լսում ձեր բրենդի անունը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կհիշեն ձեզ և ամեն ձայնագրություն լսելուց հետո կվերադառնան նոր նյութերի ետևից:

Թարմություն են հաղորդում կոնտենտին
Միատեսակ կոնտենտն անընդհատ տեսնելը շատ շուտ ձանձրացնում է, իսկ պոդկաստները թարմություն ու նորություն են բերում ձեր լսարանին: Բացի այդ, լսելով բրենդի ձայնը՝ լսարանն ավելի է «մտերմանում», կապվում վերջինիս: Եվ որպես արդյունք՝ մեծանում է նաև սպառողների լոյալությունը բրենդի հանդեպ:
Ուստի խորհուրդ է տրվում ինֆորմացիան բաժանել մի քանի պոդկաստների միջև և մաս-մաս ներկայացնել լսարանին, ինչը կստիպի միշտ վերադառնալ՝ շարունակությունը լսելու:

Օպտիմալացնում են բրենդի դիրքը որոնողական համակարգերում
Պոդկաստները ևս որոնելի են: Եթե կարողանաք ստեղծել հետաքրքիր և գրավիչ կոնտենտ, որը կգրավի լսարանին, վերջինիս ներգրավվածությունը ձեր SEO-ի վրա միայն դրական ազդեցություն կունենա:
Որոնողական համակարգերը ձեր պոդկաստները լսելու վրա օգտատերերի ծախսած ժամանակը հիմք են ընդունում՝ համարելու կոնտենտը արժեքավոր և արժանի ներկայացնելու ավելի ու ավելի շատ օգտատերերի՝ բարելավելով կայքի դիրքը որոնման արդյունքների էջում:
Ուստի պոդկաստ-մարքեթինգը կարող է և պետք է լինի բրենդի SEO-ռազմավարության մի մասը:
Սակայն պետք է նշել նաև, որ պոդկաստներ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ.
Նախ որակյալ կոնտենտ ստեղծելու համար անհրաժեշտ է որակյալ տեխնիկա, իսկ դա ներդրումներ է պահանջում, ինչը փոքր կազմակերպությունների համար կարող է դժվարություններ ստեղծել: Բացի ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներից՝ պահանջվում է նաև ժամանակ. մտքերի գեներացում, լսարանին դրա համապատասխանության գնահատում, հյուրերի հետ բանակցությունների վարում, ձայնագրություն, մշակում, հրապարակում և առաջխաղացում:

Պոդկաստների թերի կողմերից է նաև այն, որ այս դեպքում սպառողի կողմից CTA-ին արձագանքելու ցուցանիշն ավելի ցածր է. օրինակ մեքենայում պոդկաստ լսելիս ունկնդիրը չի կարող կոճակ սեղմել կամ այցելել ձեր էջ: Փոխարենը մատուցված կոնտենտն այնքան հիշարժան և գրավիչ պետք է լինի, որ լսողն ինքը մտապահի և վերադառնա ձեզ մոտ:

Դե ինչ, մաղթում ենք նոր գաղափարներ, թարմ կոնտենտ, բարձր ցուցանիշներ և լսարանի մեծ ներգրավվածություն:

Made on
Tilda