Ի՞նչ է ռեբրենդինգը․ կարևորի մասին

Հեշտ չէ հիմնադրումից ի վեր տարիներ շարունակ արդիական ու հիշվող մնալը, ուստի շատ բրենդներ դիմում են ռեբրենդինգի, ինչի մասին էլ կխոսենք

Ռեբրենդինգի գաղափարը բրենդի համար այլ ինքնություն ստեղծելն է՝ շուկայում իր մրցակիցներից տարբերվելու և սպառողների գիտակցությունում առավելագույնս տպավորվելու համար։
Ռեբրենդինգը կազմակերպության առևտրային իմիջի փոփոխման գործընթացն է։ Այն արդեն կայացած ապրանքանիշի համար նոր անվան, լոգոյի կամ դիզայնի փոփոխության մարքեթինգային ռազմավարության մշակումն է։

Ցանկացած բիզնեսի համար իրական մարտահրավեր է ստեղծումից հետո տարիներ շարունակ թարմ, արդիական ու ոգեշնչող մնալը:

Հիշենք Dunkin’ Donuts-ը, որը հիմնադրվել է դեռ 1973 թվականին, իսկ վերջերս իր բիզնեսի կենտրոնացումն ավելի շատ ուղղել է սուրճի վրա։ Ռեբրենդինգի արդյունքում նա պարզապես հեռացրեց իր անվան Donuts բառը՝ ծավալվող գործունեությանը հաղորդելով բոլորովին նոր իմաստ։
Որակյալ ռեբրենդինգ նշանակում է ընկերության արժեքների ու տեսլականի վերաիմաստավորում, լսարանի վերաթիրախավորում, բրենդի անհատականության վերակառուցում հենց սկզբից։
Ռեբրենդինգն իսկապես անհրաժեշտ էր և ճիշտ պահի էր կատարվել։ Տարիների ընթացքում Dunkin-ի սպառողների նախասիրություններն ու ոճը, իհարկե, փոխվել էին․ բրենդի հիմնադրումից շուրջ 50 տարի էր անցել։ Ուստի Dunkin-ը պետք է կամ աճեր՝ իր սպառողներին զուգահեռ, կամ բախվեր շուկայից հետ մնալու ռիսկին։

Ռեբրենդինգը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ ձեր բրենդի արդյունավետության վրա, ընդլայնել պրոդուկտների շրջանառությունը կամ ներգրավել նոր սպառողների։ Սակայն այդ գործընթացը չի սահմանափակվում միայն լոգոտիպը փոփոխելով և այն բրենդի կայքում հրապարակելով։
Եվ այսպես․ ի՞նչ է պետք անել արդյունավետ ռեբրենդինգի համար
Եթե ուսումնասիրեք հաջողված ռեբրենդինգի համաշխարհային օրինակները, կնկատեք որոշակի նմանություններ՝ անկախ բիզնեսի գործունեության ոլորտից։ Ամենակարևոր խորհուրդները, որ կարող եք քաղել հաջողության հասած բրենդներից ձեր իսկ բիզնեսի առաջխաղացման համար, թվարկված են ստորև․

  • Բոլոր դեպքերում թիրախային լսարանն ու նրա պահանջները պետք է լինեն ձեր առաջնային ծրագրերում․ ի՞նչ ճաշակ և նախասիրություններ ունեն սպառողները, ի՞նչն է նրանց ոգեշնչում, ինչպիսի՞ կայք կցանկանային տեսնել և օգտագործել ձեր բրենդի հետ կապը պահպանելու համար և այլն։

  • Շատ կարևոր ձեռքբերում կլինի նաև ձեր սպառողների՝ բրենդի հետ չկապված նախասիրությունների բացահայտումը․ ի՞նչ ցանկություններ ունեն սպառողները ձեր ապրանքներից կամ ծառայություններից այն կողմ, ի՞նչն է նրանց ամենից շատ հետաքրքրում։ Ներքին համոզմունքների ու այսպես կոչված insight-ի բացահայտումը թույլ կտա ունենալ նոր մտքեր բրենդի պատմությունը վերաիմաստավորելու և թիրախային լսարանին իսկապես հուզող, արժեքավոր ռեբրենդինգ իրականացնելու գործում։

  • Ինչպես արդեն նշեցինք, ռեբրենդինգն ավելին է, քան պարզապես լոգոյի փոփոխությունն ու կայքում հրապարակումը։ Ռեբրենդինգը նոր կերպարի ստեղծումն է, ինչից հետո պետք է վստահ լինել՝ արդյոք բրենդի հետ կապված յուրաքանչյուր կայքէջ, ցանկացած հարթակում տեղադրված կոնտենտ, գրաֆիկա և գովազդ թարմացվում և համապատասխանում է այդ նոր կերպարին։

  • Առհասարակ և հատկապես ռեբրենդինգի դեպքում մեծանում է Brand Guideline-ի կարևորությունը համախմբված կոնցեպտի մշակման համար։ Բրենդը պետք է վստահ լինի, որ յուրաքանչյուր աշխատակից օժտված է և գործում է հստակ գործիքաշարով, որը կոնտենտ և ցանկացած արդյունք ստեղծելիս ամբողջովին համապատասխանում է բիզնեսի նոր հայացքներին և տեսլականին։

Ի վերջո, ռեբրենդինգի ռազմավարությունը կարող է հետաքրքիր էքսպերիմենտ և արդյունավետ հնարավորություն լինել հավատարիմ հաճախորդներին հաճույք պատճառելու համար՝ միաժամանակ ներգրավելով նոր սպառողների և մեծացնելով շուկայում զբաղեցրած մասնաբաժինը։

Օգտվեք այս խորհուրդներից, հետևեք համաշախարհային բրենդների հաջող օրինակներին և ստեղծեք ձեր բրենդի նոր հայացքը դեպի Նոր Իրականություն։

Made on
Tilda