TikTok. բոլոր հարցերի պատասխանները

Անշուշտ լսած կլինեք TikTok-ի մասին։ Այս հոդվածում կբացահայտենք դրա ֆենոմենը և կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին

Յուրաքանչյուր մի քանի տարին մեկ՝ հայտնվում է մի նոր հարթակ, որն ամբողջովին նոր իմաստ է տալիս սոցիալական մեդիայի ընկալման և կիրառման եղանակներին։ 2021թ․-ին աշխարհի ամենամեծ տարածումն ունեցող հավելվածը TikTok-ն է՝ վիդեոների ստեղծմամբ և տարածմամբ աշխատող սոցիալական հարթակը։

Երեխաները սիրում են այն, իսկ չափահասները թեև չեն հասկանում, չեն էլ մերժում դրա հայտնիությունն ու տարածվածությունը։ Փաստը մնում է փաստ, որ TikTok-ը 2021-ի ակնհայտ առաջատարն է։

Իսկ ի՞նչ է TikTok-ը․ երաժշտության, հումորային վիդեոների և միկրոբլոգային կոնտենտի ամբողջություն։ Այն 2018թ․-ից ի վեր ամենաշատ ներբեռնված թոփ հավելվածների շարքում է։

Մի փոքր վիճակագրություն

  • 2021թ․-ի փետրվարին TikTok-ի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում գնահատվել է 1,1 միլիարդ
  • 2021թ․-ի հունիսի տվյալներով օգտատերերի 60%-ի տարիքը տատանվում է 16-ից 24-ի սահմաններում
  • Հավելվածը ամբողջ աշխարհում ներբեռնվել է ավելի քան 1,5 միլիարդ անգամ
  • TikTok-ի ներբեռնումները միայն 2020 թվականին կազմել են 850 միլիոն
  • Օգտատերերից 466 միլիոնը Հնդկաստանից են, 173 միլիոնը՝ Չինաստանից, իսկ 123 միլիոնը՝ ԱՄՆ-ից
  • TikTok-ում ծախսվող ժամանակի միջին օրական տևողությունը 52 րոպե է
  • Bytedance-ը՝ TikTok-ի սեփականատեր կազմակերպությունը, գնահատվում է 140 միլիարդ դոլար՝ լինելով աշխարհի ամենաթանկարժեք ստարտափը և գերազանցելով Twitter-ին և Coca Cola-ին

Ինչպե՞ս է հիմնադրվել TikTok-ը

2014թ․-ին Musical.ly անունով սոցիալական հարթակը անհավանական հայտնիություն ունեցավ 13-18 տարեկանների շրջանակներում։ Հավելվածի հիմնական նպատակը օգտատերերի կողմից ստեղծված վիդեոների տարածումն էր հայտնի երգերի ուղեկցությամբ։ 2017-ի կեսերին հավելվածն արդեն ուներ ավելի քան 200 միլիոն օգտատեր։

Արդեն 2016թ․-ին Bytedance անունով Չինական ընկերությունը ստեղծեց Douyin անունով մի հավելված, որն ըստ էության Musical.ly-ի մրցակիցն էր։ Հիմնադրվելով և տարածվելով միայն Չինաստանում՝ Douyin-ը ռեբրենդինգի արդյունքում վերանվանվեց TikTok` միջազգային շուկայում ավելի հեշտ ճանաչվելու համար։ Մեկ տարում հավելվածն ուներ ավելի քան 100 միլիոն օգտատեր։

2017թ․-ին Bytedance-ը 800 միլիոն դոլարով գնեց Musical.ly-ն, իսկ 2018-ին միավորեց երկու հավելվածների օգտատերերին մեկում՝ TikTok անվան տակ։

Հավելվածը շատ արագ սիրվեց նաև հայտնի աստղերի կողմից, իսկ ոմանք աստղ դարձան հենց TikTok-ի շնորհիվ։
Ինչպե՞ս է աշխատում TikTok-ը

TikTok account ունեցող ցանկացած ոք կարող է ստեղծել վիդեոկոնտենտ, որն իր մեջ պարունակում է երաժշտություն, հատուկ ֆիլտրեր և վիզուալ էֆեկտներ։ Գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի վիդեոներ, որոնք հենց առաջին վայրկյանից կգրավեն օգտատերերի ուշադրությունը և կստիպեն չթերթել այն։ Որքան շատ ժամանակ է օգտատերը ծախսում կոնկրետ հեղինակի վիդեոյի վրա, այնքան մեծ է հավանականությունը, որ այն վիրուսային կդառնա։

For Your Page էջը TikTok-ի ամենապոպուլյար հատվածն է․ հենց այստեղ են օգտատերերը բացահայտում նոր վիդեոներն ու հեղինակներին, որոնք առաջարկվում են TikTok-ի ալգորիթմի կողմից։ TikTok-ում էլ Instagram-ի ու Twitter-ի նմանությամբ թրենդային կոնտենտը ստեղծվում է թրենդային հեշթեգներով, որոնք թույլ են տալիս ավելի հեշտորեն գտնել միանման ուղղվածությամբ վիդեոները։ Դե իսկ ամենատարածված հեշթեգը #foryourpage (#foryou, #fyp)-ն է, որով հեղինակները հուշում են TikTok-ի ալգորիթմին, որ այդ վիդեոն պետք է տարածվի այլ օգտատերերի մոտ։
Ինչու՞ էր TikTok-ը հայտնվել արգելափակման եզրին

TikTok-ը չինական առաջին հավելվածն է, որ նման մասշտաբի տարածվածություն է ունեցել Միացյալ Նահանգներում։ Ու հենց այդ ճանաչվածության հսկայական աճը մտավախություն առաջացրեց, որ ByteDance-ի կողմից հավաքագրված տվյալները տրամադրվում են չինական կառավարության պահպանմանը։ 2020-ի օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստություն հայտնեց առ այն, որ տվյալների լայնամասշտաբ կուտակումը չինական հավելվածի կողմից կարող է սպառնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։

Թրամփն այնուհետև հրաման ստորագրեց այն մասին, որ կարգելվի TikTok-ի օգտագործումը, եթե չինական ծրագիրը 45 օրվա ընթացքում ByteDance-ի կողմից չվաճառվի ԱՄՆ-ին։ Նմանատիպ մի հրաման էլ նախագահի կողմից ստորագրվեց չինական Tencent ընկերությանը պատկանող WeChat հավելվածի դեմ։

Որոշ ժամանակ անց նախագահի աշխատակազմի կողմից արձակվեց նոր հրաման, որը ByteDance-ին տալիս էր 90 օր ժամանակ հավելվածը վաճառելու համար։ Ի դեպ, հենց Microsoft-ն էր մտադրվել գնել բիզնեսը 50 միլիարդ դոլարով։

2020-ի օգոստոսին ByteDance-ը համաձայնեց 12 միլիարդանոց գործարքով ստեղծել դուստր ձեռնարկություն ԱՄՆ-ում, որը պետք է կոչվեր TikTok Global: Նոր ընկերության 20%-ը պետք է պատկաներ ամերիկյան Oracle և Walmart ընկերություններին, իսկ 80%-ը՝ ByteDance-ին։ Թվում է, թե այսպիսով կմեծանար վերահսկողությունը TikTok-ի կողմից հավաքագրված տվյալների վրա, այնուամենայնիվ համագործակցության իրական կարգավիճակը դեռևս պարզ չէ։
Ինչպե՞ս օգտագործել TikTok-ը մարքեթինգում

TikTok-ը գովազդային ամենաարդյունավետ ալիքներից մեկն է։ Այն ուղղված է ոչ թե վաճառքների անմիջական աճին, այլ ձեր բիզնեսի անհատականության ցուցադրմանն ու տարածմանը։

Հիշեք՝ որքան մտերմիկ ու անձնական է ձեր բիզնեսը, այնքան ավելի շատ մարդիկ են կապվում նրան։ Դե իսկ TikTok-մարքեթինգն ուղղված է սպառողի հետ լոյալ հարաբերությունների կառուցմանը։

Պարզապես կիսվեք ձեր թիմի ու բիզնեսի մասին պատմող զվարճալի վիդեոներով, թույլ տվեք մարդկանց ճանաչել ձեզ, ձեր բրենդի առաքելությունը, որդեգրած սկզբունքները, արժեքները, և թե ինչն է մոտիվացնում ու օգնում առաջխաղացնել այն։

Բրենդն առաջխաղացնելու մեկ այլ տարբերակ է ինֆլուենսերների հետ համագործակցությունը․ TikTok-ում գրանցված յուրաքաչյուր օգտատեր հաստատ ունի իր ֆավորիտ հեղինակներին, ում կարծիքին վստահում է։

Ինչպե՞ս տեղադրել գովազդ TikTok-ում

2019-ի սկզբին TikTok-ը սկսեց պայմանական գովազդ տարածել հավելվածի որոշ օգտատերերի շրջանակներում․ վիճակագրությունը փաստում է, որ դա ընկերությանը մեծ հաջողություններ բերեց։ TechCrunch/Apptopia-ն հավաստում է, որ TikTok-ի եկամուտը 2019-ի վերջին եռամսյակում 300%-ով գերազանցել է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը։

Գովազդը TikTok-ում 10-15 վայրկյան տևողությամբ pre-roll վիդեո է՝ շատ նման յութուբյան վիդեոներից առաջ միացող գովազդին, որը ևս կարելի է մի քանի վայրկյան անց բաց թողնել, իսկ գովազդատուները վճարում են յուրաքանչյուր ցուցադրության համար։

Կան TikTok-ում հասանելի վիդեոների 3 տեսակ․

Brand Takeover Ads: օգտատերի հեռախոսի ամբողջ էկրանով միացող 5 վայրկյանանոց գովազդներ, որոնք միանում են հավելվածը բացելուց անմիջապես հետո և օգտատիրոջը տանում են կամ դեպի բրենդի կայք կամ՝ տիկտոկյան պրոֆիլ։ Գովազդի այս տեսակի օգտագործմամբ գովազդային արշավը կարող է արժենալ մինչև 50,000 ԱՄՆ դոլար։

In-Feed Native Video Ads: Դարձյալ ողջ էկրանով ցուցադրվող գովազդներ, որոնք միանում են օգտատերերի կողմից ստեղծված վիդեոների միջև և Instagram-ի story-ների նմանությամբ օգտատերերին տանում են կամ համապատասխան կայքէջ կամ՝ app store:

Branded Hashtag Challenges: Բրենդների կամ բիզնեսների կողմից գեներացված թեմաներով ստեղծված հեշթեգների առաջխաղացումն է, որի նպատակը օգտատերերի շրջանակներում և վերջիններիս կողմից տվյալ թեմայի վերաբերյալ վիդեոների ստեղծումն ու տարածումն է։ Սա կարող է իր մեջ ներառել գովազդի նախորդ երկու տեսակները միաժամանակ։
Հնարավո՞ր է գումար աշխատել TikTok-ի շնորհիվ

Դեռևս չկան TikTok-յան օգտատերերի հայտնիությունն ու գրանցած ցուցանիշները հավելվածի շնորհիվ կապիտալացնելու ուղղակի մեթոդներ։ Հետևորդների մեծ բանակ ունեցող հեղինակներն օգտագործում են այս հարթակը՝ օգտատերերին ուղղորդելու դեպի այլ մեդիաներ կամ կայքեր, որոնք ավելի հեշտ են մոնետիզացվում։ Տիկտոկերները կարող են նաև իրենց էջում տեղադրել Instagram-ի և Youtube-ի էջերի հղումները և ապահովել հետևորդների հոսքը մի հարթակից մյուսը։

Առհասարակ ինֆլուենսերների հիմնական նպատակը մեծ թվով հետևորդների ներգրավումն է, ինչը թույլ կտա գովազդային արշավների շրջանակներում համագործակցել տարբեր բրենդների հետ և ստեղծել իրական եկամուտ։

Վերջերս հարթակում ավելացել է նաև ուղիղ եթերների ընթացքում հետևորդների կողմից "նվերների" ուղարկման հնարավորությունը, որոնք ունեն կոնկրետ արժեք և կարող են վերածվել դրամի՝ դրանք ստացողի բանկային հաշվին։

Դե իսկ անձնական բրենդ կամ բիզնես ունեցող յուրաքանչյուր անձի արժե կատարել փորձարկումներ այս հարթակում։ Վիճակագրությունը փաստում է, որ այն չի կորցնելու իր հեղինակությունը նաև հետագայում, ավելին՝ ամեն ինչ ավելի է հասունանում, և ենթադրվում է, որ TikTok-ը դառնալու է օնլայն արշավների մեծածավալ բաղադրիչը։
Made on
Tilda